Բարի գալուստ «Էթիունի» թագավորություն
«Էթիունի մոռացված թագավորությունը» յուրօրինակ թանգարան-հյուրատուն-ռեստորան է, որտեղ հաճախորդները հնարավորություն ունեն զուգակցել պատմամշակութային և արկածային ժամանցը հետաքրքիր ու համեղ խոհանոցի հետ։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ՝ իր բացառիկ ու համաշխարհային նշանակության պատմամշակութային ժառանգությամբ, բարենպաստ աշխարհագրական դիրքով, բնական ու ձեռակերտ հուշարձաններով, հետաքրքիր բնակիչներով։
Լճաշեն
Արտաշիսյանների և Արշակունիների տիրապետության օրոք (Ք․ա. II – V դդ.) Հրազդան գետի վերին ավազանը, այդ թվում Լճաշենն ու նրա շրջակայքը, ընդգրկված էր Մեծ Հայքի թագավորության Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի կազմում, որտեղ իշխում էին Վարաժնունիները։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու (V դ.)՝ այս իշխանատոհմը հիմնում է Գեղամ նահապետի տոհմից սերված Դատ իշխանի Վարաժ որդին, որին Արտաշես I արքան նվիրաբերում է Հրազդան գետի եզերքի գավառը իր քաջագործությունների համար։ Արշակունիների թագավորական տոհմի անկումից հետո, հատկապես արաբական տիրապետության ժամանակ (VII-IX դդ․), Վարաժնունիների իշխանությունն ավարտվեց, իսկ Վարաժնունիք գավառը կոչվեց Ծաղկոտն գավառ կամ Ծաղկունյաց ձոր։ Բագրատունյաց թագավորության շրջանում (IX-XI դդ․) այստեղ իշխում էին նշանավոր Պահլավունիները, իսկ բուն Սևանի ավազանում, նաև Լճաշենում՝ Սյունյաց իշխանները։ Լճաշենը զարգացում է սպրում, ինչին էապես նպաստում է գյուղով անցնող և Մետաքսի մեծ ճանապարհի մաս կազմող Դվին-Պարտավ առևտրային քարավանաուղին։ Սկիզբ առնելով Դվինից՝ այն Հրազդան գետի եզրով բարձրանում էր Լճաշեն, ապա թեքվում դեպի առևտրաշատ «ազատ քաղաք» Բերդկունք, հասնում նշանավոր Կոթ ավան, Սոթքի լեռնանցքով անցնում Արցախ ու մտնում «Հայոց Արևելից կողմանց»՝ Աղվանքի մայրաքաղաք Պարտավ։
Իր նպաստավոր դիրքի շնորհիվ գյուղը վերելք է ապրել նաև հետագա դարերում․ ցարական իշխանության օրոք այն ներգրավված էր Երևան-Թիֆլիս և Երևան-Նոր Բայազետ տարանցիկ ճանապարհների համակարգում։ Ըստ անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանի, XX դարասկզբին գյուղն ուներ լայն փողոցներ, միահարկ ու երկհարկանի գեղեցիկ տներ, խանութներ։
Կարևոր ճանապարհների խաչմերուկում և Սևանա կղզուն մոտիկ գտնվելով, Լճաշենը մշտապես գրավել է տարբեր նվաճողների ուշադրությունը՝ դառնալով ռազմական տեղաշարժերի և արյունալի ճակատամարտերի գոտի։ Հիշենք Վանի թագավորների արշավանքները Լճաշենով դեպի Սևանի ավազան, Արտաշես I արքայի զորաշարժը Սևանի ավազանով դեպի մայրաքաղաք Երվանդաշատ, միջնադարում արաբական տարբեր բանակների, սելջուկների, մոնղոլների և այլ քոչվոր ցեղերի արշավանքները դեպի Սևանի ավազան և Սևանա կղզի։
XVIII դ․ թուրք-պարսկական պատերազմների և մուսուլմանական տարբեր ցեղերի ասպատակությունների հետևանքով Սևանա լճի ավազանը, նաև Լճաշենը դատարկվում են հայ բնակչությունից։ XIX դ․ սկզբին՝ երբ Արևելյան Հայաստանն անցավ ռուսական տիրապետության տակ, բնակչությունը վերադառնում է։ Լճաշենում բնակություն են հաստատում Մակուից (հիմնականում՝ Խալֆալու գյուղից), Բայազետից և Դիադինից գաղթած հայերը, որոնք խոսում էին Մակուի խոսվածքի տարրերով համեմված Բայազետի բարբառով։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1920-1930-ականներին, Սևանա լճի ավազանը ենթարկվում է վարչատարածքային մի շարք փոփոխությունների։ 1937-ին կազմավորվում է Սևանի շրջանը, որի կազմում ներառվում է նաև Լճաշենը։ Գյուղը զգալի հաջողություններ է ունենում սոցիալ-տնտեսական և կրթամշակութային ասպարեզներում․ հիմնվում են կաթի մշակման, զովացուցիչ ըմպելիքների և հացի արտադրամասեր, անասնապահական ֆերմաներ , գորգագործարան։
Ներկայումս Լճաշենը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Գյուղը պահպանում է իր լավագույն ավանդույթները, նախանձախնդրորեն զբաղվում հարուստ մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման պատվավոր գործով։
Հեռավորությունը
Երևանից՝ 60 կմ
Ծաղկաձորից՝ 20 կմ
Դիլիջանից՝ 40 կմ
Գավառից՝ 33 կմ
Սևանի թերակղզուց՝ 10 կմ
Հայրավանքից՝ 22 կմ
Նորատուսից՝ 33 կմ
Էթիունին գոյություն է ունեցել մեզնից մոտ 4 հազար տարի առաջ և զբաղեցրել է ներկայիս Հայաստանի գրեթե ողջ տարածքը:
Էթիունիի ժամանակաշրջանի խոշորագույն բնակավայրերից և մշակութային կենտրոններից է եղել այսօրվա Լճաշենը։
Այն գտնվում է Մետաքսի ճանապարհի և Երևան Սևան մայրուղու հատման կետում, որտեղ և սիրով կհյուրընկալենք ձեզ մեր հարկի տակ։
Այստեղ դուք կառնչվեք մարդկության գոյության արմատներին։
Կծանոթանաք լճաշենյան մշակույթի ու կենցաղի՝ հազարամյակներով շարունակաբար զարգացմանը։
Այդ ամենի վերաբերյալ կստանաք գիտականորեն ճշգրտված և հիմնավորված տեղեկատվություն։
Հնարավորություն կունենաք վայելել հնագույն արքայական խոհանոց։
Ցանկության դեպքում կարող եք ունենալ բացառիկ փորձառություններ՝ հայտնվելով լճաշենյան պատմության տարբեր դրվագներում։